Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ երեխա

Աճող օրգանիզմի շարժունակության կարգավորումը

Հիպոդինամիան համարվում է դարի, այսպես կոչված` պրոգրեսի հիվանդություն: Դա մարդու շարժողական ակտիվության հարաբերական սահմանափակումն է, որը պայմանավորված է ժամանակակից քաղաքակրթության և գիտատեխնիկական առաջընթացով:

 

Սա կենսական կարևոր խնդիր է տարիքային բոլոր խմբերի, մասնավորապես` աճող օրգանիզմի համար: Երեխաների բարձրագույն նյարդային համակարգի գործունեությունը պայմանավորվում է մանուկ հասակում ունեցած ֆիզիկական ակտիվության մակարդակով: Նրանք օրվա ընթացքում տարբեր խաղերի ժամանակ վազում են գրեթե 10 կմ: Դրա շնորհիվ ապահովվում են ֆիզիկական ճիշտ զարգացումն ու բարձր ակտիվությունը: Ցավոք, դասաժամերի ընթացքում հնարավոր չէ հասնել ֆիզիկական ակտիվության զարգացման ցանկալի արդյունքի: Ուսումնական պրոցեսում մեթոդական ցուցումների միօրինակությունը, մարզասարքերի անբավարար օգտագործումը, պարապմունքների ժամանակ մաքուր օդի սակավությունը շարժողական նվազ ակտիվության նախադրյալներ են: Առաջին և երկրորդ դասարանների աշակերտների ակտիվությունը պակասում է 50, իսկ բարձր դասարանցիներինը` 75%-ով:

 

Քաղաքային կենսակերպը (խաղահրապարակների, ազատ տարածքների բացակայություն և այլն) բացասաբար է անդրադառնում հատկապես դպրոցականների ֆիզիկական ակտիվության վրա: Ահա թե ինչու անհրաժեշտ է ֆիզիկական ակտիվ գործունեության տևողությունը օրվա ընթացքում հասցնել մինչև 2-2,5 ժամի, այսինքն` մինչև սահմանված ֆիզիոլոգիական միջին չափանիշներին:

 

Թերշարժունության հետևանքները հայտնի են բոլորին: Դրանից տուժում են օրգանիզմի էներգետիկ հաշվեկշիռը, նյութափոխանակությունը և հիմնական ֆիզիոլոգիական գործունեության համար անհրաժեշտ սննդանյութեր ու թթվածին մատակարարող համակարգերը: Վերջինիս դեպքում նվազում է սրտի և անոթների մկանային հյուսվածքները կարգավորող ակտիվությունը: Աստիճանաբար ձևավորվում է չմարզված, թույլ հարմարվողականություն ունեցող արյան շրջանառության համակարգ, որն ազդում է նաև իմունիտետի մշակման գործընթացի վրա: Դա բերում է մարմնի հավելյալ զանգվածի կուտակման, ուստի առաջին պլան է մղվում սննդակարգի պահպանման հարցը: Դրան զուգընթաց, ի հայտ են գալիս նախադպրոցական տարիքի երեխաների կեցվածքի և հենաշարժական ապարատի շեղումներ:

 

Քիչ շարժուն երեխաներին բնորոշ են շարժումների վատ կոորդինացիան և տարածության մեջ վատ կողմնորոշվելը, որի պատճառով նրանք ֆիզիկական դաստիարակության դասաժամերին և կենցաղում կարող են տարբեր վնասվածքներ ստանալ: Ֆիզիկական թույլ կոփվածությունն իր հերթին պատճառ է դառնում ապագա մասնագիտության ընտրության հարցում լուրջ սահմանափակումների, դժվարություններ է ստեղծում հետագայում արտադրությունում աշխատելու ժամանակ և զինվորական ծառայության ընթացքում:

 

Սպորտի նկատմամբ դպրոցականների վերաբերմունքին բնորոշ են տարիքային առանձնահատկությունները: Ցածր դասարանների երեխաները տարբեր մարզաձևերով պարապում են ծնողների ցանկությամբ, իսկ հակումները, հաջողությունների հասնելու, հաղթանակ նվաճելու ձգտումը հայտնվում են տարիքին զուգընթաց:

 

Ֆիզիկական վարժությունների նկատմամբ աշակերտների դրական, ճիշտ վերաբերմունքը շատ կարևոր է, քանի որ հենց այդ տարիքն է նպաստավոր համարվում ֆիզիկական լիարժեք դաստիարակության համար: Սպորտի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու հարցում այսօր մեծ է զանգվածային տեղեկատվության դերը:

 

Անդրադառնանք մեկ այլ երևույթի` հիպերդինամիային (գերշարժունություն), որը բնորոշ է մանկապատանեկան մասնագիտացված դպրոցներում սովորող մարզիկներին: Այստեղ սպորտային նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են մարզական և մրցութային խիստ ռեժիմով, մարզումների տևողության և հաճախականության ավելացումով: Սա բացասաբար է անդրադառնում մարզիկների առողջության վրա, որը հատկապես ավելի է տուժում ոչ լիարժեք սննդակարգի պատճառով:

 

ժամանակակից երեխաները ավելի շուտ են հասունանում, ուստի ավելի մեծ պահանջներ են ներկայացվում նրանց նկատմամբ ֆիզիկական ծանրաբեռնվածության առումով, սակայն նրանց մոտ նկատվում են նյարդահոգեկան արտահայտված երևույթներ: Որոշ օրգանների և համակարգերի աճն ու զարգացումն անհամաչափ է ընթանում, դրանք հարկադրված են լինում գործել մեծ լարվածությամբ, որը պատճառ է դառնում այլ խախտումների` օրգանիզմի գերլարման, սրտանոթային համակարգի ախտաբանական փոփոխությունների, սպորտային վնասվածքների և այլն:

 

Այսպիսով, աքսելերացիայի երևույթը, անձնագրային և կենսաբանական տարիքների անհամապատասխանությունը պահանջում են, որ մարզական պարապմունքներն արդյունավետ կազմակերպելու համար նկատի առնվեն յուրաքանչյուր պատանի մարզիկի տարիքային և անհատական առանձնահատկությունները: Անհրաժեշտ է, որ մարզական տարբեր տարիքային խմբերում պահպանվեն սահմանված նորմերը, երեխաներն ավելի վաղ շրջանում զբաղվեն այնպիսի մարզաձևերով, որոնց շնորհիվ նրանք կարողանան զարգացնել կոորդինացիոն շարժումները: Այդ մարզաձևերն են` գեղարվեստական և սպորտային մարմնամարզությունը, ակրոբատիկան` 8-10, լող, թենիս` 7-10 տարեկանում: Այնպիսի մարզաձևերով, որոնց ժամանակ առաջին պլան են մղվում ուժի զարգացումն ու դիմացկունությունը, զբաղվում են ավելի ուշ` 10-13 տարեկանում, դրանք են վոլեյբոլը, ձեռքի գնդակը, ըմբշամարտի տարատեսակները:

 

Հետագայում, երբ մոտենում է ֆիզիկական հասունության շրջանը և դրան զուգընթաց ավելանում ուժն ու դիմացկունությունը, պատանիները կարող են զբաղվել ծանր ատլետիկայով, հեծանվային սպորտով` 12-14, բռնցքամարտով` 11-13 տարեկանում: Շատ կարևոր է, որ մարզումների և մրցումների ժամանակ ծանրաբեռնվածությունն աճի աստիճանաբար: Տարվա ընթացքում 11-12 տարեկաններին թույլատրելի է 3-4, 13-14-ին` 5-10, 15-16-ին` 10-15, իսկ 17-18 տարեկաններին` մինչև 20 մրցույթի մասնակցություն:

 

Չափազանց կարևոր նշանակություն ունի բժշկական վերահսկողությունը: Պետք է նկատի ունենալ, որ ֆիզիկական շարժումների բարենպաստ և նպատակահարմար ծանրաբեռնվածության շնորհիվ բարելավվում է սրտանոթային ու շնչառական համակարգերը նյարդավորող ներքին շարժիչ հանգույցների գործունեությունը, մեծանում կմախքամկանային ապարատի շարժունակության հնարավորությունները, բարելավվում օրգանիզմի իմունային համակարգի ակտիվությունը, կեցվածքը: Ֆիզիկական կոփումը համարվում է օրգանիզմի զարգացման կենսաբանական կարևոր խթանիչը:

Հեղինակ. Օվսաննա Սիմոնյան Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ վերականգնողական բժշկության ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2012 (294)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ